Կառավարությունը դեկտեմբերին բոլոր համայնքներին մեթոդաբանություն է ուղարկել, որով համայնքապետերը պետք է համայնքի 5 տարվա զարգացման ծրագիր ներկայացնեն՝ մարտի 18-ին, Ճամբարակում ընտրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ փոխնախագահ, վարչապետ Կարեն Կարապետյանը:
«Համայնքապետն ընտրովի մարդ է և ծրագիրը ներկայացնելիս պետք է քննարկի ավագանու անդամների հետ, որոնք ձեր ներկայացուցիչներն են: Այսինքն՝ պետք է ձեզ հետ քննարկի իր ծրագիրը: Համայնքապետը պետք է ներկայացնի այսօրվա իրավիճակը, թե ինչքան է միջին աշխատավարձը, ինչքան է գործազրկությունը, քանի տոկոսն է արտագաղթում, ինչու է արտագաղթում և այլն, և այլն: Եվ համայնքապետը պետք է ներկայացնի ծրագիր, թե ինչ է պետք, որ համայնքն այս 5 տարվա ընթացքում զարգանա: Մենք այդ հարցում նրան մենակ չենք թողնի, բայց ինքը պետք է բեռի մի մասն իր վրա վերցնի, իսկ մենք կօգնենք: Օրինակ՝ ասի, որ ինձ երկու կաթի գործարան է պետք, ես սա եմ անում, պարոն վարչապետ, խնդրում եմ այս մասով էլ դուք օգնեք»,- ասաց Կարեն Կարապետյանը:
Վարչապետի խոսքով՝ պետք է եռաստիճան համակարգը գործի. կառավարություն, մարզպետարան, համայնքապետարան: Միայն այդ դեպքում է հնարավոր հաջողության հասնել: Վարչապետը հիշեցրեց, որ Երևանում ավելի լավ չեն պատկերացնում Ճամբարակի խնդիրերը, քան հենց ճամբարակցին ու նրա քաղաքապետը: Սա նշանակում է, որ զարգացման ծրագիրը շատ կարևոր է: Նա բոլորին հորդորեց անպայման ծանոթանալ ծրագրին: «Ես ուզում եմ, որ դուք համոզված լինեք, որ ես խոսքը կտուր չեմ գցում, չեմ ցրում, բայց որպեսզի հասկանանք, թե ով ինչ է անում, պետք է խնդիրը գույքագրենք, տարածքի առավելությունները գնահատենք, որից հետո սկսենք աշխատել: Մի բան հիշեք, քաղաքապետը պետք է իր համայնքի դարդուցավն իմանա, բոլոր խնդիրներին ծանոթ լինի: Կարող է՝ ձեր քաղաքապետը բարի մարդ է, բոլորիդ գրկում, գուրգուրում է, բայց կառավարման համակարգը չկարողանա փոխել, զարգացնել համայնքը: Այդ դեպքում տեղից չենք պոկվելու»,- հավելեց Կարեն Կարապետյանը:
Վարչապետը վստահեցրեց, որ այսօր կոշտ խոսակցություն է ունեցել քաղաքապետ Յուրիկ Ավալյանի հետ ու հանձնարարականներ տվել: